Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը հայ և ադրբեջանական ժողովուրդներին մաղթել է հնարավորինս արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին նա հայտարարել է Բաքվում` ուրբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:
«Ես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի ղեկավար եմ, և այն ամենը, ինչը վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ իմ գործունեության ոլորտը չէ: Ես խնդրում եմ բոլորին դա ճիշտ հասկանալ: Դրա համար կա երկրի նախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որը սահմանում է արտաքին քաղաքականության ուղղությունները», - նշել է Ինգուշեթիայի նախագահը:
«Միակ բանը, որ ես կարող եմ ասել՝ Կովկասում առկա հակամարտությունները պետք է Կովկասին բնորոշ, եղբայրական, բարեկամական ձևով լուծվեն: Առանց որեւէ երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կողմի միջամտության: Մաղթում եմ և' ադրբեջանցիներին, և' հայերին, որ այդ խնդիրը շուտով լուծվի», - ասել է Ինգուշեթիայի նախագահը:
Armenia.Az